Դատարանը հրապարակեց որոշում Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց որոշում՝ Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործով:
Նախորդ նիստում Սարգիս Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով փոխելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ: Որպես գրավի չափ պաշտպանը նշել էր 2 միլիոն դրամ:
Մեղադրող Ա. Մարգարյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Ռ. Բալոյանն ու Զ. Վարդանյանն առարկել էին պաշտպանի միջնորդության դեմ՝ պնդելով, թե Սարգիս Վարդանյանը պետք է մնա կալանքի տակ, վերացված չեն նրան կալանքի տակ պահելու հիմքերը, մասնավորապես՝ նա կարող է խոչընդոտել դատաքննությանը՝ ազդեցություն գործելով դեռ չհարցաքննված վկաների վրա: Գործով դատակոչված է 12 վկա, դատարանն արդեն հարցաքննել է նրանցից 7-ին, հրապարակել է 1 վկայի նախաքննական ցուցմունքները, չեն հարցաքննվել դեռ 4 վկաներ
Դատարանը որոշեց՝ մերժել պաշտպանի միջնորդությունը: Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը չփոխվեց, նա կշարունակի մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք՝ Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով.
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:
Ճանապարհի այդ հատվածում, ըստ մեղադրանքի, թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:
«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:
Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:
Հիշեցնենք նաև, որ Ճվճվ Արոյի մյուս որդին՝ Սերժ Վարդանյանը, որ երկու քրեական գործերով մեղադրվում է տարբեր վայրերում խմբի կազմում կատարած խուլիգանությունների համար և որոշակի ժամանակ գտնվում էր կալանքի տակ, ներկայումս գրավի կիրառմամբ ազատության մեջ է.